Մեսրոպ Մաշտոց (361 - 440)

Մեսրոպ Մաշտոց

Հայոց այբուբենի ստեղծող, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիր: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի` Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում` տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում` որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը: Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը` դպրոցներ հիմնելով Հայաստանի թե՛ արևելյան և թե՛ բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Հայ հոգևոր երաժշտության հիմնադիրն է: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր` Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում: Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:


Մովսես Խորենացի (390 - 445)

Մովսես Խորենացի

Հայոց այբուբենի ստեղծող, թարգմանական գրականության հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 60 աշակերտներից մեկն է (ծնված 390թ.): 435 թ. մի քանի աշակերտների հետ մեկնել է Ալեքսանդրիա բարձրագույն ուսման` հունարենի, ճարտասանության և փիլիսոփայության մեջ կատարելագործվելու համար: Ճանապարհորդության 5 տարիների ընթացքում այցելել է մի շարք մշակութային և կրոնական կենտրոններ` Եդեսիա, Անտիոք, Պաղեստինի քրիստոնեական սրբավայրերը, Աթենք, Եգիպտոս, Հռոմ: 440 թ. վերադառնալով Հայաստան ծավալում է մեծ գրական գործունեություն: Նրա գլուծգործոցն է հանդիսանում « Հայոց պատմությունը »: Այս գրքի շնորհիվ է, որ Մովսես Խորենացին կաթոլիկ համայնագիտարանում և Օքսվորդյան բառարանում անվանվում է « պատմահայր հայոց » մեծ տիտղոսով:
Գրական գործունեությունից բացի հեղինակ է բազմաթիվ շարականների, Ծննդյան և Աստվածահայտնության տաղերի, մեծացուսցեների, Հարության և Վերափոխման շարականների: Օգտագործելով Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծած 8 ձայնեղանակային համակարգը հարստացրեց այն նոր դարձվածքներով և մեղեդիներով: Հատկապես հայտնի են նրա Ծննդյան և Աստվածածնին նվիրված շարականները:


Գրիգոր Նարեկացի (951 - 1003)

Գրիգոր Նարեկացի

Հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ: Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում: Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և` Նարեկացի անունն է: Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը` փիլիսոփա Անանիա Նարեկացին: Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են հավաստի տեղեկություններ: Նրան է պատկանում « Մատեան Ողբերգութեան » աղոթքների գիրքը, որը հայերը համարում են Աստվածաշնչից հետո երկրորդը իր զորությամբ և բուժիչ հատկություններով: Նարեկացու երաժշտական երկերից մեզ հասել են միայն հինգ տաղ, որոնք, կարծես թե, ամփոփում են հայ հոգևոր երաժշտության զարգացման ընթացքը և նվաճում են մի նոր բարձրունք:





Ներսես Շնորհալի (1100 - 1173)

Ներսես Շնորհալի

Ներսես Շնորհալի Դ Կլայեցի, Երգեցող - հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հեղինակ է բազմաթիվ հոգևոր երգերի, որոնք տարածվել են եկեղեցուց դուրս և դարձել են ավանդական, ժողովրդին հարազատ մեղեդիներ: Նա Հայ եկեղեցու Ժամագիրքը և Շարակնոցը ամենից ավելի ճոխացնողը եղավ` Ժամագրքի գրեթե բոլոր երգերը (մոտ 15 կտոր) իր գրչին են պատկանում:







Կոմիտաս (1869 - 1935)

Կոմիտաս
Ծագելով աղքատ ընտանիքից 1881թ. նա դառնում է որբ: Ոմն բարեգործ, տեսնելով նրա բացառիկ ունակությունները, ուղարկում է ուսանելու Էջմիածնի Ճեմարան: Ուսման 11 տարիների ընթացքում նրա հետաքրքրությանն են արժանանում այս տեղայնքում հայտնաբերած ժողովրդական երգերը: 1890թ. նա սարկավագ է կարգվում, ապա, 1893թ. սեպտեմբերին` աբեղա: 1894թ. ավարտելով ճեմարանը և վերջապես 1896թ. ստանալով վարդապետական օծումը հոգևորականի և աստվածաբանության դոկտորի կոչմանն է արժանանում: Անզուգական երաժշտական ընդունակությունների և գեղեցիկ ձայնի համար նրա հոգևոր հովանավոր Խրիմյան կաթողիկոսը շնորհում է Կոմիտաս անունը: Կոմիտասը` նախորդ կաթողիկոսներից մեկն էր, VII դարի հռչակավոր մի երաժիշտ:
Կոմիտասը կազմարկերպում է իր գիտական և խիստ համակարգված գործունեությունը: 1899թ. նա զբաղվում է բանահավագությամբ պեղելով հայրենիքը և հավագելով այնքան երաժշտական նյութ, որքան հնարավոր է: Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, անցնելով հայկական բոլոր շրջանները նա գրի է առնում այն ամենը, ինչ լսում է:

Կոմիտաս
Նա հիմնում և ղեկավարում է վանքի երգչախումբը մինչև 1896 թիվը, երբ գնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ: 1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը: Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր: Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար: Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր «Պատարագն» է, որը մինչև այսոր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ: Այս ստեղծագործությունը նա սկսել էր 1892 թվին, բայց երբեք չավարտեց` Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառով: «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվին` Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվին` Երևանում: Կոմիտասը առաջին ոչ եվրոպացին էր, որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն: Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը: 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում: Այնտեղ նա հիմնել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամով: 1915 թվի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները: Նրա լավ ընկերը, թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել էր այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ Նա վերջը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական Կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը: