«...Սուրբ Ծնունդը մի ճրագ է, որ լուսավորում է ալեկոծված աշխարհը: Այն` հույսի ճառագայթ է խաղաղություն փափագողների համար, այն պսպղում է փոքրիկների աչքերում և պայծառացնում սրտերը, հրավիրում է մեզ ուրախ հանդիսության երգ-երաժշտության ձայների ներքո ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... «Օշական» համույթը հրավիրում է ձեզ ունկնդրելու Հայաստանի Ս.Ծննդյան երգերն ու Ավետիսները և մասնակցելու համընդհանուր խաղաղության և բարեկամության ավանդական տոնին ... ... ...»


Ժողովրդական ավանդույթներ

Սուրբ Ծնունդը հայերի ամենասիրված տոներից մեկն է: Այն տոնում են ըստ հին հայկական տոնացույցի հունվարի 6-ին: Դեռ վաղ միջնադարում, IV-V դդ., նոր ձեւավորվող հայ եկեղեցու ծիսակարգին համընթաց առաջանում եւ զարգանում են Սուրբ Ծննդյան ժողովրդական ծեսերն ու սովորույթները: Անցնելով դարերի խորքից մինչեւ մեր օրերը դրանք հասել են մեզ իրենց բազմաթիվ ժողովրդական տարբերակներով:
Ս.Ծննդյան տոնակատարություններին նախորդել է վեցօրեա պահքի շրջանը, որը կոչում են մաքրման շրջան, երբ մարդիկ մարմնապես եւ հոգեպես ազատվում են ամեն հին և վատ սովորություններից, նեղվածություններից, հիվանդություններից, որպեսզի Կաղանդը և Ս.Ծնունդը դիմավորեն նորոգված և թեթևացած սրտով:.
Կենցաղի մեջ այն արտահայտվում էր նախ և առաջ տների մաքրման արարողությամբ: Միջնադարյան Հայաստանում ընդունված էր դատարկել տան բոլոր իրերը, այնուհետև խնկարկել բնակարանը և մոտակա սրբավայրից բերված կեչու ծառի ճյուղերով զարդարելուց հետո տան իրերը մաքրել և դնել իրենց նոր տեղերը:
Օրինակ, Հայաստանի Շիրակի շրջանում տունը չարքերից մաքրելու մի այսպիսի արարողություն են արել. երկու կին կանգնել են, մեկը` տան մեջ որևէ տան առարկա ձեռքին, իսկ մյուսը` տանիքի վրա կլոր քար ձեռքին շրջանաձև պտտվել է, նմանվելով ցորենն աղացող ջրաղացի քարին: Իրար ձայն տալով ասել են.

- Աղամ, աղամ, ի՞նչ աղամ, - գոչել է տանիքից կինը.
- Քունջ ու պուճախը աղա (տան անցքերն ու անկյունները) - պատասխանել է մյուսը տան միջից.
- Աղամ, աղամ, ի՞նչ աղամ,
- Մուկն ու առնետը աղա. և այլն...

Հայ գյուղացիները վերցնելով իրենց երեխաներին գնում էին մոտակա սրբավայրեր, մոմ էին վառում, աղոթում, և տուն վերադառնալիս ծառերի վրա կապելով իրենց թաշկինակներն ու զգեստների ծվենները (կտորները), փափագել են թողնել այնտեղ ամեն հիվանդություն և նեղություն: Վերադառձին սարի վրա բարձրանալիս վերցրել են մեծ կլոր քարեր եւ գլորել են հետ, որպեսզի հիվանդությունները հեռանան:

Մեծ տեղ է զբաղեցրել Ս.Ծնունդի ուտեստեղենի պատրաստությունը: Պահքի շրջանի համար պատրաստել են չորացրած մրգերից և ընկուզեղենից բազմաթիվ կերակուրներ: Հատկապես սիրելի են եղել շարոց կոչված թելերի վրա կախված վզնոցատիպ քաղցր կերակուրները. սուջուխը և ալանին: Սուջուխը պատրաստել են շարելով ընկուզի միջուկը երկար թելի վրա և այն թաթախել եփած թթի քազցր օշարակի մեջ: Սուջուխը մանուկները կախել են վզներին, շրջել են տնե-տուն, երգել եւ պարել, քաղցրավենիք ստանալու նպատակով: Ալանին նույնպես թելի վրա հագցրած չորացրած դեղձի չիրն է, լցված աղացած ընկույզով:
Ս.Ծննդյան կերակրատեսակների ամենատարածվածն է տարի կոչվող քաղցր գաթան, որը բաժանված էր 12 մասերի ըստ տարվա 12 ամիսների: Կտորներից մեկի մեջ դրվում էր բախտ կոչվող ոսկեդրամ: Գաթան բաժանվում էր չամուսնացած աղջիկներին և ում որ բաժին էր ընկնում ոսկեդրամը` այդ տարի իր բախտը բացվում էր:
Կաղամբի տերևով և մսեղենով պատրաստվող ավանդական հայկական տոլման Ս.Ծննդյանը միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակների, լոբու և սիսեռի խարնուրդով: Կենադանական բոլոր ուտելիքները փոխարինվում են բուսականով: Հին ժամանակներում հայերը Ս.Ծնունդը դիմավորում էին նոր հագուստով:
Ս.Ծնունդին նախորդող գիշերը` Հունվարի 5-ի երեկոյան գնացել են եկեղեցի Ճրագալույցի Պատարագին: Եկեղեցում խորանի վրա վառվող մեծ ջահից ամեն մեկը վառել է իր մոմը և ծածկած լապտերով զգուշորեն կրակը տարել են տուն` բերելով Աստուծոյ Ծննդյան լույսը իր օջախ: Տանը արդեն տոնական սեղանին դրված են փլավը` բրինձով և չորացրած մրգերով, չիր ու չամիչով, ինչպես նաև խաշած ձուկ: Խնջույքը շարունակվել է մինչև լույս, և քնել այդ գիշեր նշանակել է բախտից զրկվել:

Ջավախքում մի այսպիսի սովորություն կար` եկեղեցու բակում մեծ խարույկ են վառել և շուրջը նստել են գյուղի տարիքով մեծերը և պատմություններ պատմել: Իսկ երիտասառդները շուրջպար բռնելով պարել են և Ավետիսներ (Քրիստոսի Ծննդյան երգեր) երգել:
Հունվարի 6-ին առավոտեան մարդիկ դուրս են եկել տնից նոր զգեստներով, հանդիպել են իրար և ողջույն տալով ասել.
- Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, լսելով ի պատասխան.
- Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի.
ապա գնացել են Սուրբ Պատարագի և երիտասարդներից ոմանք եկեղեցում դարձել են հոգևոր եղբայր և քույր, ինչը նշանակում է, որ այդ զույգերի միջև ամուսնությունը արգելվում էր: Պատարագի ավարտից հետո տոնական տրամադրությունը, երգն ու պարը փոխանցվում էր եկեղեցու պատերից դուրս` դեպի դաշտերը, տների տանիքները, բակերը, հրապարակները: Այստեղ տիրում եր ուրախ տրամադրությունը ու հայկական կլոր պարը` յայլի կամ գյովընդ:

Երաժշտություն

Ս.Ծնունդի տոնակատարության կարեւոր մասն էին կազմում Ավետիսները` Ս.Ծննդյան երգերը, որը նշանակում է բարի լուր: Բացի եկեղեցու ծիսական Ավետիսներից ժողովրդի մեջ տարածում էին ստացել ժողովրդական Ավետիսները, որոնցից մի քանիսը հետագայում մտան եկեղեցական ծեսի մեջ: Այս երգերի գլխավոր կերպարն է Մարիամ Աստվածածինը: Ժողովրդական տարբերակներում հայտնվում են նաեւ Հովսեփի (Հիսուսի հոր), Սիմէոն ծերունու, Հովհաննես Մկրտչի և նրա մոր Եղիսաբեթի կերպարները: Այս բոլոր կերպարները լեցուն են կենդանությամբ և մարդկային ջերմութեամբ: Ավետիսների երկրորդ մասը մարդկանց ուղղված բարեմախթանքների մի շարան է, որն ավարտվում է մոտավորապես այսպես.

Ձեր հեռավորք գային շուտով, ավետիս,
Եւ ձեր ոչխարն` հոտերով, ավետիս,
Կարասն ձեր լցվի գինով, ավետիս,
Եւ տունը ձեր` շեն բարիքով, ավետիս:

Այս երգերը երգվում են անընդմեջ կրկնվող եղանակով փոփոխվող ավարտով: Երաժշտական կառույցը շատ պարզ է և ռիթմը հարմարեցված է պարային շարժումներին:

Ի տարբերություն ժողովրդական Ավետիսների եկեղեցական Ս.Ծննդյան Ավետիսները, Շարականները և Տաղերը ավելի բարդ և ծավալուն բնույթ են կրում: Սրանք ստեղծվել են Հայ եկեղեցու հայտնի հոգևորականների և երաժիշտ-գիտնականների կողմից, ինչպիսիք են Մովսես Խորենացին (V դ.), Անանիա Շիրակացին, Ստեփանոս Սյունեցին (VII դ.), Գրիգոր Նարեկացին (Xդ.), Ներսես Շնորհալին (XIIդ.) և շատ ուրիշներ: Այս շարականներից հայտնի է հատկապես Մ.Խորենացու «Զանճառելի լուսոյ Մայր» շարականը, որը կատարվում է Ս.Ծննդյան Պատարագի ընթացքում: Այն հնչում է նաև «Օշական» համույթի երկացանկում:

Ծրագրի կենտրոնական մասում է Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով» Ս.Ծննդյան տաղի հիմքով գրված Գրիգոր Առաքելյանի ստեղծագործությունը քեմանի սոլո և երգչախմբի համար:
Նարեկացին հորինել է այս տաղը տեսնելով այգաբացին մի տեսիլք. Վանա լճի ալիքների վրա ճեմում էր Մարիամ Աստվածածինը: Այն ծավալուն տաղ-պոեմ է բաղկացած մի քանի հիմնական կերպար-թեմաներից

1. լուսաբացի թեմա (ունիսոն երգչախումբ)
2. խունկի բուրմունքի թեմա (տենոր սոլո, երգչախումբ)
3. ծովի ալիքների թեմա (երգչախումբը ձայնակցում է հիմնական մեղեդուն)
4. Աստվածածնի թեմա (քեմանի սոլո)

«Աչքն ծով» տաղը գրված է IX-XII դդ. հայ հոգևոր երաժշտությանը բնորոշ ծավալուն, ծանր և զարդանախշերով հագեցած մոնումենտալ ոճով:
Եկեղեցում Ս.Ծննդյան Պատարագի ավարտին կատարվում է ջրի օրհնություն: Արծաթյա մեծ կաթսաների մեջ մյուրոնով, խաչով, աղոթքով և երգերով երեք անգամ օրհնում են ջուրը: Երգվում է ջուր օրհնելու շարականներ - «Ով զարմանալի», «Այսօր ձայնն Հայրական»: Ջուրը բաժանվում է ժողովրդին և մարդիկ այն տանում են և օծում են տան անկյունները, ինչպես նաև խմում են բուժիչ նպատակով:
Եկեղեցուց դուրս ժողովրդական տոնախմբություններին հնչում են բազմաթիվ երգեր և պարեղանակներ, որոնք շատ սիրված են և կատարվում են բոլոր տոների ժամանակ: Այդպիսիք են «Առնեմ երթամ», «Զար-զընգը», «Շախկր-շուխկր», «Հոյ նար», «Թամզարա», «Սոնա» յար պարերգերը: Այս նմուշները կարեւոր տեղ են զբաղեցնում «Օշական» համույթի երկացանկում:

Գոհար Հարությունյան, երաժշտագետ,
«Օշական» համույթի խմբավար

Երգացանկ

1. «Զարթիր Փառք իմ». Երգ գիշերային ժամու
2. «Զանճառելի լուսոյ Մայր». Մովսես Խորենացի, V դար
3. «Ով զարմանալի». Կոմիտաս. Ջրօրհներգի շարական
4. «Այսօր ձայնն Հայրական». Կոմիտաս
5. «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցավ». Հատված Կոմիտասի Պատարագից
6. «Ի ննջմանէդ առքայական». Պաղտասար Դպիր, XIII դ.
7. «Կարոս խաչ». Էպիկական երգ, IV-V դ.
8. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի». Մովսես Խորենացի, V դար
  «Խորհուրդ խորին». Հատված Կոմիտասի Պատարագից
9. Հովվի կանչ (սրինգ)
10. Ավետիս 1
11. Ավետիս 2
12. Ժողովրդական պար և Ավետիս 3
13. «Աչքն ծով». Գրիգոր Նարեկացի, Xդ. (քեմանի և երգչախումբ)
14. «Օրհնեալ է Աստուած». Հատված Կոմիտասի Պատարագից
15. Վեց գեղկական երգ. Կոմիտաս.
  «Առնեմ երթամ», «Ալագյազ», «Խնկի ծառ», «Զար-զընգը», «Շախկր-շուխկր»
16. «Հոյ նար». ժող. երգ
17. Շուրջպար, Թամզարա.;

Ծրագրի մշակում և գործիքավորում` Գրիգոր Առաքելյանի

Հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթ, գեղարվեստական ղեկավար`
Գրիգոր Առաքելյան

Ժողովրդական նվագարաններ.
Քեմանի` Գրիգոր Առաքելյան
Սրինգ` Հասմիկ Հարությունյան
Դուդուկ` Արտակ Ասատրյան
Քանոն` Մերի Վարդանյան

Երգչախումբ
Գոհար Հարությունյան` խմբավար, սոպրանո
Մաքրուհի Խաչատուրյան` սոպրանո
Մարիա Գալստյան` ալտ
Տատյանա Միանսյան` ալտ
Արեն Ավետյան` տենոր
Աշոտ Չտչյան` տենոր
Վահագն Հովենց` բարիտոն
Սեյրան Ավագյան` բարիտոն