Ճանապարհորդություն քեմանու հետքերով
դեպի միջնադարյան Հայաստան

միջնադարյան նվագարան, վերականգնված
Գրիգոր Առաքելյանի և վինագործ Մարտին Երիցյանի ջանքերով

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հայաստանում լարային աղեղնային նավագարանների գործածման փաստեր կան դեռ 9-դ դարից: Հին Հայաստանի մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի պնակ, որի վրա պատկերված է ջութակի նման նվագարան նվագող մի երաժիշտ: Ընդհանրապես ջութակ (djout'ak) բառը, որ հայերենում նշանակում է violon, հանդիպում է հայ միջնադարյան բազմաթիվ աղբյուրներում սկսեալ 10-դ դարից:
Ավելի ուշ շրջանում (13-17դդ.) բազմաթիվ լարային նվագարաններ, կամ երաժիշտներ պատկերվում են հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Հանդիպում ենք նաև տարբեր անվանումներ` djout'ak, kémani, kémantcha: Քեմանի նվագարանը տարածված է եղել պատմական Հայաստանի հյուսիսային հատվածում` Սև ծովի երկայնքով, որտեղ մինչ այսօր էլ գործածվում է Սուխումի հայերի մոտ (համշենահայեր): Ավանդական քեմանու նվագը մեծամասամբ պարեղանակներ են, որոնք կատարողը նվագել է միաժամանակ պարելով իր համագյուղացիների հետ` նվագարանը թոկով պարանոցից կախած ուղահայաց դիրքում: Այս պարեղանակները սովորաբար արագ են, եռանդուն, ունեն շատ հարուստ ռիթմիկա և լեցուն են անսպասելի շեշտերով: Նվագում են միաժամանակ 2 կամ 3 լարի վրա, ինչը ստեղծում մի հետաքրքիր ակորդային հնչողություն` զուգահեռ կվարտաների շռայլ գործածում, բազմաթիվ դիսոնանսերի առկայություն:
թավ քեմանի



20-դ դարում, երբ Հայաստանում ստեղծվեցին բազմաթիվ ժողովրդական նվագարանների համույթներ, նվագախմբեր, առաջացավ մի նոր պահանջարկ` ստեղծել քեմանու տեսակներ. ալտ, տենոր, բաս: Ստեղծվեցին բազմաթիվ իրենց ձևով և լարվածքով քեմանիներ: Այս նվագարանների շարքում լավագույնն ենք համարում հայ վարպետ Մարտին Երիցյանի պատրաստած քեմանիները, որոնք բավական մեծ տարածում են ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում:


1993թ. վարպետ Մ.Երիցյանի հետ պատրաստեցինք մի նոր քեմանի (թավ քեմանի), որն այսօր միակն է աշխարհում իր չափսով, ձևով և լարվածքով: Նմանվելով եվրոպական viola d'gamba-ին, այն ունի 6 լար և իր հնարավորություններով իր մեջ է ամփոփում քեմանիների բոլոր տեսակները, ունենալով թէ` մենակատարային, թէ` անսամբլային կատարողական լայն սպեկտր:


թավ քեմանի



Ի տարբերություն viola d'gamba-ին, լարառիչի (գրիֆի) վրա բացակայում են փարդերը , ինչը հնարավորություն է տալիս գործածել քարրորդ տոներ, որոնք տարածված են արևելյան երաժշտության մեջ: Թավ քեմանու ձայնը շատ մտերմիկ է և միևնույն ժամանակ վեհ, արտահայտում է հայ միջնադարյան երաժշտության, մանավանդ եկեղեցական երգերի վայելուչ և ջերմեռանդ խորհրդավոր զգացումները և դրանով իսկ մոտեցնում է ավանդական, ժողովրդական ոճը համամարդկային դասական արժեքներին:


Գրիգոր Առաքելյան

վերադարձ