Հայաստանի նոր մանրանկարիչներ
«Օշական» Տրիո




«Օշական» Տրիո-ի կազմը հետևյալն է. երգիչ Սեյրան Ավագյան, քանոնահարուհի Շուշան Սաղաթելյան և թավ քեմանի կատարող, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյան: Միաժամանակ նրանք «Օշական» համույթի 12 անդամներից են:
Այս սակավաթիվ կազմը հնարավորություն է ստեղծում մեկ կողմից` ընթանալ գուսանների և աշուղների գողտրիկ երաժշտական հնարքների ուղիով, մյուս կողմից` վերահաստատել ժողովրդական էպոսի պատմիչի ասերգային ավանդույթը և, վերջապես, վերականգնել ժողովրդական երաժշտության այն պատկերը, որն հաստատեց Կոմիտաս վարդապետը: Այսպիսի մի եռյակի ընտրությունը նպաստում է առավել մտերմիկ կատարողական մի ոճի, որ իր խորության մեջ պահպանում է նաև զվարթ և կենսախինդ բնույթը:
«Օշական» տրիոյում ձայնին հատկացված է մենակատարային գերիշխող դեր: Սակայն այդուհանդերձ երկու նվագարանների դերը չի սահմանափակվում զուտ պարզ նվագակցությամբ: Օրինակ` թավ քեմանու և երգչի ձայնահատվածի համեմատ քանոնի բարձր և սուր ձայնածավալը թռիչքների հնարավորություն է ստեղծում: Նվագարանի կառուցվածքը թույլ է տալիս անսպասելիորեն կատարել հեղեղի պես հնչող գլիսանդոներ, մեկ ձեռքով նվագել եղանակ, իսկ մյուսով` պահել տրեմոլոյով կրկնվող մի հնչյուն:
Ինչ վերաբերում է թավ քեմանուն, ապա այն, ունենալով ձգվող հնչյուններ (դամ) պահելու և ռիթմիկ դեր կատարեու հնարավորություն, ջերմ հնչողությամբ պարուրող մի նվագարան է: Նվագարանները ստեղծում են տեմբրերի և գունային շքեղ պալիտրայի մի այնպիսի գեղգեղանք, որ ակամա աչքի առջև են գալիս հայ մանրանկարչության պատկերները: Իսկապես, միաձայն երգի այսպիսի նվագակցության կերպը կարծես թե գունազարդ պնակի մի ցոլք լինի, որը նկատելի է հայկական միջնադարի մանրանկարչությունում: Նույնը կարելի է ասել և Սեյրան Ավագյանի ձայնի մասին. նրա ելևէջները հիշեցնում են միջնադարյան մանրանկարների զարդանախշերը: Այսպիսով հասկանալի է դառնում, որ «Օշական» տրիոն սնվում է միջնադարյան գուսանների ավանդույթից` բանաստեղծների, որոնք սազի պարզ նվագակցությամբ երգելով պատմում էին փոքր և մեծ պատմություններ : Նրանք գովերգում էին սերը և հերոսական քաջագործությունները: Բացի այս հնագույն մանրապատումներից երգացանկի հիմքում են նաև XVIII-XX դդ. աշուղների երգերը` Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շիրինի, Շերամի: Այս երգերի վերջին քառյակում պարտադիր նշվում է հեղինակի անունը և, ամփոփելով երգը, արվում է բարոյախրատական և փիլիսոփայական մի եզրակացություն: Այս երգերի եղանակները, ինչպես նաև հայկական հոգևոր երգերը, փոխանցվել են մեզ բանավոր կերպով և կրում են արևելյան երաժշտությանը բնորոշ ձայնաշարային կառուցվածք:
«Օշական» տրիոն կատարում է նաև հատվածներ «Սասունցի Դավիթ» էպոսից, որն հասել է մեզ VII դարից: Հարկ է նշել, որ այս նմուշները հազվադեպ են ներկայացվում նաև Հայաստանում: Իրականում, հաշված անհատներ են տիրապետում այս նյութին: Հայաստանի քաղաքական և սոցիալական իրավիճակը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել այս ավանդույթի զարգացման համար: Սակայն բանահյուսական ավանդույթը էլ ավելի է հարստացրել հայ երաժշտության երգացանկը էպոսի բազմաթիվ տարբերակներով և մեկնաբանություններով:
«Օշական» տրիոն կյանքի է կոչում նաև անհայտ այնպիսի երաժշտական գոհարներ, որոնք զարմացնում են իրենց բազմազանությամբ:

Ժերար Տեր-Հարությունյան (հունիս 2007)



Երգացանկ

1. « Մոկաց Միրզա ». էպիկական երգ
2. « Հավուն-հավուն ». Գրիգոր Նարեկացի, 10-դ դար (քանոն սոլո)
« Խորհուրդ խորհին ». Խաչատուր Տարոնեցի, 13-դ դար (քեմանի սոլո)
3. « Ետ ու առաջ », ժողովրդական պար (Կոմիտասի տարբերակ)
4. « Ահեղ ձայնս ». Գրիգոր Նարեկացի, 10-դ դար
5. « Ամեն առավոտ ». Գրիգորիս Ախտամարցի, 16-դ դար
6. - 7. Երկու հատված « Սասունցի Դավիթ » էպոսից. 7-12 դար
8. « Զույգ մի կռունկ ». ժողովրդական
9. « Բաղի պատը ». ժողովրդական
10. Լոռվա գութաներգ. ժողովրդական
11. Ողբերգ. ժողովրդական
12. Քանոնի մենանվագ
13. Աշուղական երգերի շարք
Սիրային երգ. Նաղաշ Հովնաթան, 17-դ դար
« Դուն էն գլխեն », « Քամանչա ». Սայաթ-Նովա, 18-դ դար
14. « Թռթռուկ », ժողովրդական պար
15. « Լորիկ », « Մոկաց շուկեն », ժողովրդական
16. Պարերգերի շարք. ժողովրդական

Մշակում և գործիքավորում` Գրիգոր Առաքելյանի

Կազմը.
Սեյրան Ավագյան, բարիտոն, դափ
Շուշան Սաղաթելյան, քանոն
Գրիգոր Առաքելյան, թավ քեմանի